ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ ընդունած բանաձևի համար։ Այս մասին նա գրառում ու լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17–ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։ Դրան կողմ են քվեարկել Սենատի 336 անդամներ, միայն 1 դեմ ձայն է եղել։
«Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար»,– գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ բանաձևում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի ջանքեր գործադրել՝ երաշխավորելու հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն էլ այդ բանաձևի կապակցությամբ հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։