«Հորդորում եմ անհարկի չհոլովել իմ անունը». Տաթևի վանքի վանահայրը դիմել է հավատավորներին

Տաթևի վանքի վանահայրը
Տեր հայրը կոչ է անում մի փոքր էլ սպասել և զինվել համբերությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Գևորգյանը հորդորում է որևէ ձևով անհարկի չհոլովել իր անունը։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Տևական ժամանակ է` համացանցում լուրեր են պտտվում, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատրաստվում է կարգալույծ անել Տաթևի վանքի վանահորը, այդ պատճառով նա սուրբ պատարագ չի մատուցում։ Սոցիալական ցանցերում անգամ նրա պաշտպանության շարժում է ձևավորվել։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հունվարի 8-ին Sputnik Արմենիային հայտնեց, որ Մայր աթոռը նման հարց չի քննարկում, իսկ Հայր Միքայելը առողջական խնդիրներ ունի։

«Վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի հետագա տարակարծություններից խուսափելու համար ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական սուրբ պատարագ չեմ մատուցում»,– գրել է Հայր Միքայելը։

Նա նաև հորդորել է չվերագրել իրեն այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն:
Տեր հայրը կոչ է արել զինվել համբերությամբ, խաղաղվել և հույսով սպասել, մինչև լինի առողջության վերաբերյալ վերջնական դրական եզրակացությունը, և այդ ժամանակ ինքը կսկսի ընդհանրական սուրբ պատարագ մատուցել։