Ամանորին ողջ աշխարհում մարդիկ միշտ էլ անակնկալների են սպասում։ Այս տարվա հունվարի 1-ի հենց նախաշեմին անսպասելի իրադարձություններ կատարվեցին երկու երկրներում. Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը Նոր տարվա իր ավանդական ուղերձում հայտարարեց, որ հրաժարվում է գահից, իսկ Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, որի ստեղծած քաղաքական ուժը ժամանակին հաղթել էր Միխեիլ Սաակաշվիլիի թիմին, հայտնեց, որ վերադառնում է քաղաքականություն։
Այն, որ Դանիայի թագուհին թագը փոխանցում է որդուն՝ Ֆրեդերիկին, միանգամայն հասկանալի է՝ 83-ամյա կինը թագավորում է արդեն կես դարից ավելի։ Իսկ թե ինչու է որոշել մեծ քաղաքականություն վերադառնալ 5 միլիարդ դոլար կարողության տեր Բիձինա Իվանիշվիլին` այնքան էլ պարզ չէ։
Երևի չեք մոռացել հայաստանյան այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին հնչած խոսքը. «Կա′մ ես վարչապետ կընտրվեմ, կա′մ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Վրաստանում դրանից 6 տարի առաջ ճիշտ հակառակը տեղի ունեցավ՝ Բիձինա Իվանիշվիլին հիմնադրեց «Վրացական երազանք» կուսակցությունը, որի օգնությամբ ընտրությունների միջոցով տապալեց նախագահ Սաակաշվիլիի քաղաքական ուժին, ինչից հետո ընդամենը մեկ տարի վարչապետ աշխատեց ու հեռացավ։ Եվ տասը տարի շարունակ Թբիլիսիի մոտակա բլուրների վրա գտնվող իր առանձնատնից պարզապես հետևում էր, թե ինչ էր կատարվում Վրաստանում։ Առանց խառնվելու։ Ճիշտ այնպես, ինչպես մեր առաջին նախագահն էր հրաժարականից հետո 10 տարի շարունակ լուռ հետևում, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Ամանորի կեսգիշերից ընդամենը մի քանի ժամ առաջ Բիձինա Իվանիշվիլին իր ստեղծած կուսակցության համագումարում հայտարարեց. «Իմ սեփական նախաձեռնությամբ ես կրկին վերադառնում եմ քաղաքական կյանք՝ արդեն որպես կուսակցության պատվավոր նախագահ»։ Հետո արդեն լրագրողները հարց ուղղեցին նրան՝ արդյոք այս անսպասելի որոշումը կապված չէ՞ այն հանգամանքի հետ, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կտրուկ ընկել է «Վրացական երազանքի» վարկանիշը։ Պատասխանն այսպիսին էր. «Այսօր «Վրացական երազանքի» իրական վարկանիշը 60 տոկոս է։ Ընդդիմության կողմից հրապարակվող կեղծ հետազոտությունների տվյալները իրականության հետ որևէ կապ չունեն։ 2024 թվականի ընտրություններում «Վրացական երազանքը» հաստատ կհաղթի»։
Համաձայնե′ք` շատ դժվար է հասկանալ։ Այդքան բարձր՝ 60-տոկոսանոց վարկանիշ ողջ աշխարհում մատների վրա հաշված քաղաքական ուժեր ունեն։ Եվ ընդհանրապես Վրաստանի, նաև Հայաստանի իշխանությունների բախտը բերել է, որ այս երկու երկրներում էլ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին գրեթե ոչ ոք չի հավատում։ Ուրեմն, կարող ես կրակել ցանկացած թիվ և անընդհատ պնդել, որ ընտրությունները ամեն ինչ կդնեն իրենց տեղը՝ շատ լավ իմանալով, որ այդ ընտրությունների ժամանակ հսկայական վարչական ռեսուրսն օգտագործելով` իշխանությունները միշտ կարողանում են մոբիլիզացնել բոլոր ուժերը, մինչդեռ ընդդիմադիրներին երբեք չի հաջողվում համախմբվել, մանավանդ, եթե վառ արտահայտված խարիզմատիկ լիդեր չունեն։ Ու նաև դա է կանխորոշում ընտրությունների արդյունքը։ Ինչևէ, մի քիչ պարզ չէ՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞վ է իրականում պայմանավորված մեծահարուստի վերադարձը։ Շեքսպիրը կասեր՝ ուրեմն, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ Դանիայի թագավորությունում։
Ա′յ այսպես, Շեքսպիրի օգնությամբ, աննկատ ու սահուն վերադարձանք Եվրոպայի հյուսիս, որտեղ Դանիայի իշխանը, ավելի ճիշտ՝ արքայազն Ֆրեդերիկը, դարձավ թագավոր։ Ասում են, թե մանկության և պատանեկության տարիներին նա պարզապես սարսափում էր նման հեռանկարից։
Դանիացի լրագրող Գիտտե Ռեդդերը BBS-ին ասել է. «Երիտասարդ ժամանակ Ֆրեդերիկը շատ ըմբոստ էր, միշտ խուսափում էր լրատվամիջոցների ներկայացուցիչներից և շատ վատ էր զգում այն մտքից, որ մի օր կարող է թագավոր դառնալ։ Բայց հետո ավարտեց աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Օրհուսի համալսարանը, սովորեց նաև Հարվարդում, դարձավ քաղաքագետ, ծառայեց բանակում, ամուսնացավ, և հիմա ունի չորս երեխա»։
Ի դեպ, թագավոր դարձած Ֆրեդերիկի ամուսնության պատմությունը բավական հետաքրքիր է։ Գիտե՞ք` որտեղ է ծանոթացել ավստրալուհի Մերիի հետ։ Այո′, Սիդնեյում, ուր 2000 թվականին որպես երկրպագու գնացել էր աջակցելու երկրի ազգային օլիմպիական թիմին։ Մտել էր տեղի փաբերից մեկը, մոտեցել սիրունիկ մի աղջկա, զրույցի էին բռնվել, Մերին ասել էր. «Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, իսկ դո՞ւ»։ Ֆրեդերիկն էլ թե՝ ես էլ քաղաքագետ եմ։ Նկատե′ք` ոչ մի խոսք այն մասին, որ ճիշտ Համլետի նման, Դանիայի իշխանն էր։ Էդպես մի քանի ժամ շարունակ փաբում զրուցել են, ու ավստրալացի աղջիկը գաղափար էլ չի ունեցել, որ թագաժառանգի հետ է խոսում ու որ մի օր ինքն էլ Դանիայի թագուհի է դառնալու։
Էնպես որ, եթե երազում եք մի օր թագուհի դառնալ, փորձեք երևանյան սրճարաններից մեկում զրույցի բռնվել որևէ քաղաքագետի հետ։ Մանավանդ, որ դա մեծ դժվարություն չի ներկայացնում. հայաստանցիների առնվազն 90 տոկոսը քաղաքագետ է։