ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում հավելյալ զորահավաք չի լինի։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեզ մոտ մասնակի զորահավաք եղավ, և այն ժամանակ մենք 300 հազար մարդու զորակոչեցինք։ Ի դեպ, սկզբում շատ հեգնանք եղավ այս թեմայով, և այդ մարդկանց «մոբիկներ» անունը կպցրին: Ես ամեն ինչ լավ հիշում եմ։ Տղաները հիանալի են կռվում, ուղղակի հիանալի: Զորակոչվածների մեջ Ռուսաստանի Դաշնության 14 հերոս կա, էլ չեմ խոսում այլ շքանշանների ու մեդալների մասին», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հավելյալ զորահավաքի անհրաժեշտություն չկա։ Այս տարի կամավոր պայմանագրային զինծառայողների ներգրավման արշավ անցկացվեց։ Նախատեսվում էր մինչև տարեվերջ 400-412 պայմանագրային հավաքագրել, բայց արդեն դեկտեմբերի 13-ի դրությամբ ռուսական բանակում ծառայելու համար 486 հազար կամավոր է գրանցվել։ ՌԴ նախագահը հավելել է, որ զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանությանը կանգնելու պատրաստ տղամարդկանց հոսքը չի նվազում. օրական մինչև 1500 մարդ կամավոր միանում է ՌԴ զինված ուժերին։
Պուտինը հատուկ նշել է, որ բոլոր կամավորները, որոնք պաշտպանում են Ռուսաստանի շահերը, պետք է համանման պայմաններ ունենան աջակցության միջոցների հարցում։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել դիրքորոշումս, հավանաբար նման բնույթի հարցեր էլի կառաջանան։ Բոլոր կամավորները, նրանք, ովքեր զենքը ձեռքին պաշտպանում են Ռուսաստանի շահերը, կռվում նրա համար, վտանգում իրենց կյանքն ու առողջությունը, բոլորի համար պետք է միանման պայմաններ լինեն», - ասել է Պուտինը։
Հատուկ գործողության գոտում 244 հազար զորակոչված մարդ կա։