ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում այսօր վրաերթի ենթարկված 3 անձանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մաշտոցի պողոտայում վրաերթ է գրանցվել, 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել «Մալիբու» այգու դիմաց։ Վրաերթի ենթարկվածները փողոցը հատել են չթույլատրված հատվածով, որտեղ հարևանությամբ գետնանցում կա։
Ըստ կայքի` «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան ժամը 18:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել տատին, աղջկան և թոռանը։ Տուժածները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ քննիչը զննություն է կատարել դեպքի վայրում, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից մեկը` հղի կինը, մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: