ՀՀ–ն ԵԱՏՄ–ի հետ քննարկում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակը հրատապ կարգով լուծելու հարցը

Դեկտեմբերի 2–ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է նաև արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում ԵԱՏՄ իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում պետք է քննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը, քանի որ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն իր հերթին չէր ժխտել, որ Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված խնդիր կա։ Նա նշել էր, որ «գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 1–ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։
«Արդյունքում, դեկտեմբերի 2–ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի վերջին Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում, արդեն 1700 հայկական բեռնատար էր կուտակվել։