Ծա՞ռ, թե՞ տարոսիկ․ այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց Հայաստանում արդեն մոտ 2 տասնյակ նորապսակներ նախապատվությունը տվել են ծառին։ Այսպես Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում 3 տարի առաջ հիմնադրվեց Հայաստանում առաջին ու միակ Նորապսակների անտառը։ Նախաձեռնության հեղինակը «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունն է, որն արդեն 1․370․000 ծառերի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ է կատարել Լոռու և Տավուշի մարզերի 431 հա տարածքում՝ տնկելով Հայաստանի անտառներին հատուկ ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, թխկի, կեչի, վայրի տանձենի, խնձորենի և թփեր։
Նորապսակների անտառ
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպես ծնվեց Նորապսակների անտառի գաղափարը
Կազմակերպության գործընկերներից մեկը 2020 թվականին պատրաստվում էր ամուսնանալ ու մտածում էր՝ ինչպիսի տարոսիկ ընտրի, որ լինի հետաքրքիր ու յուրօրինակ։ Այդ ժամանակ էլ ծնվեց միտքը՝ իսկ ինչո՞ւ ծառ չնվիրել։
«Գաղափարը հետևյալն է` որքան տարոսիկ պատրաստվում են նվիրել հարսանիքի ժամանակ, այդ քանակով ծառ տնկվի, իսկ հյուրերին ծառի սերտիֆիկատ տրվի։ Մեկ ծառի արժեքը 1000 դրամ է՝ տարոսիկից ավելի մատչելի, ավելի երկարակյաց ու իմաստալից»,- ասում է կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Սաթենիկ Ասիլյանը։
Սաթենիկ Ասիլյան
© Sputnik / Aram Nersesyan
Ծառ-տարոսիկների թվով գումար է փոխանցվում կազմակերպությանը, համապատասխան քանակով ծառեր են տնկում կազմակերպության աշխատակիցները, իսկ «Նորապսակների անտառում» էլ արդեն զույգն է խորհրդանշական ծառերը տնկում։
«Ունենք նաև դրսում ապրող զույգեր, որ մենք իրենց փոխարեն տնկել ենք, պետք է գան ու տեսնեն իրենց ծառերը։ Կա նաև զույգ, որ ամուսնության 30-ամյակի առիթով է ծառ տնկել»,- նշում է Սաթենիկը։
Ի դեպ, կան մարդիկ, որոնք նաև իրենց երեխաներին են ծառ նվիրում։ Սաթենիկը դա համեմատում է բանկում գումարային ավանդ դնելու հետ։ Այս դեպքում ներդրումն ավելի բարի է՝ փոքրիկ ծառը երեխայի հետ մեծանում է ու 20 տարի հետո հսկա դառնում։
Ծառատունկը սովորաբար տարեկան երկու անգամ է արվում՝ գարնանն ու աշնանը, որպեսզի փոքրիկ տնկիների կպչողականությունն ավելի բարձր լինի։
Որ նորատունկ ծառն էլ նոր կազմված ընտանիքի նման ամրանա ու շատանա
Արվեստաբան Լիլիթ Ղալեչյանն ու ծրագրավորող Սարգիս Սուլյանն ամուսնացել են հոկտեմբերի 22-ին։ Փնտրում էին ոչ սովորական հարսանեկան տարոսիկ, գտնվեց ծառը։ «Միշտ մտածում էինք՝ տարոսիկներն անկապ են, բերում ես տուն, չես իմանում` ինչ անես։ Իսկ սա օգտակար բան է ոչ միայն մեզ համար, այլև բոլորի»,- ասում է Լիլիթը։
Նրանց ծառ-տարոսիկները 50-ն են՝ չամուսնացած հյուրերի քանակով։
Լիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Շատ ֆանտաստիկ գաղափար է։ Աճելու, ապրելու մասին է։ Մի 20 տարի հետո կգանք, արդեն մեծացած կլինեն»,- ասում է Լիլիթը։
Բիզնեսի զարգացման մասնագետ Մարիամ Ստեփանյանն ու ծրագրավորող Վազգեն Գրիգորյանն էլ հուլիսի 8-ին են ամուսնացել։ Իրենց հարսանիքին 85 չամուսնացած հյուր են ունեցել, հետևաբար` 85 ծառ-տարոսիկ։
Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Լսել էինք, մեր ընկերների հարսանիքին էլ տեսանք, մեզ շատ դուր եկավ, մնայուն բան է, հետն էլ ընտանիքի սիմվոլ է։ Միայն սերտիֆիկատներ հանձնեցինք հարսանիքին, գաղափարն այնքան սիրվեց, որ շատերն ասել են՝ իրենք էլ են այդպես անելու»,- պատմում է Մարիամը։ Վազգենն էլ հերթական ծառն է տնկում ու խորհուրդ-հուշման կարգով ասում՝ 3-րդից հետո գործը հեշտանում է։
Տնտեսագետներ Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանն ամուսնացել են հուլիսի 28-ին։ Իրենք մի քիչ ինքնատիպ մոտեցում են ցուցաբերել յուրահատուկ գաղափարին․ սովորական տարոսիկներ ունեցել են, իսկ ծառերն էլ որոշել են, այսպես ասած, խաղ-վիկտորինաներով խաղարկել հարսանիքի ժամանակ, հաղթողների անուններով էլ ծառ տնկել։
Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ծառատունկն ավելի շատ խորհրդանշում է հարատևություն, ամրություն, երկարակեցություն, ուզում ենք, որ բոլոր նոր կազմվող ընտանիքներում լինի դա»,- նշում է Էլենը։
Այս ծառատունկին տնկվեցին կեչիներ․ կազմակերպության աշխատակից Մուշեղն ասում է՝ կեչին երկարակյաց է, շատ սերմեր է տալիս, արագ բազմանում։ Կարճ ասած` լիովին համապատասխանում է այն խորհրդին, որ նորապսակների ծառատունկի հիմքում է՝ նորատունկ ծառն էլ իրենց նոր կազմված ընտանիքի նման ամրանա, մեծանա ու շատանա։