ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հաջորդ տարվանից նախատեսվում է ուղիղ չվերթեր սկսել Երևան–Բեռլին ուղղությամբ։ Այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մյուս տարի նախատեսվում է ուղիղ չվերթ դեպի Բեռլին և չինական քաղաքների ուղղություններով»,- ասաց նա՝ նշելով, որ որպես նախկին գործարար գիտի` բիզնեսի զարգացման համար անչափ կարևոր է ուղիղ չվերթի առկայությունը:
Քերոբյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից կվերսկսվեն նաև ուղիղ չվերթերը դեպի Բաղդադ ու Իրաքի այլ քաղաքներ։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ դա շատ կարևոր է, որպեսզի 2 երկրների բիզնեսները կարողանան անկաշկանդ շփվել:
Անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվող նոր չվերթերին` նախարարը վստահեցրեց, որ աշխատում են այդ ուղղությամբ:
Քերոբյանը նշեց` Հայաստանը շատ լուրջ աշխատում է, որ Գյումրու օդանավակայանն ակտիվանա։ Նրա կարծիքով` առաջիկայում նորություններ կլինեն։