Առանց տաբուների

Ատեցի աչքերս, որ անհայ Արցախ տեսան. Դադիվանքի վանահայրը` ծառայության և վանքը լքելու մասին

Հայր Դերենիկը երկու սարկավագների հետ Դադիվանքից հեռացել և Հայաստան է եկել հոկտեմբերի 1-ին։ Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդման շրջանակում նա պատմում է բարդ ու տխուր ճանապարհի մասին։
Sputnik
44-օրյա պատերազմից հետո հայ վանականները հերթափոխով էին ծառայում Դադիվանքում։ Վանահայր Դերենիկ աբեղա Սահակյանը պետք է վանքում անցկացներ կես տարի, սակայն հանգամանքների բերումով ծառայությունը տևեց 14 ամիս։ Վանահայրը Արցախի շրջափակման և ռազմական գործողությունների ժամանակ վանքում էր։ Ավելին` առաջիններից մեկն էր, որ տեղեկացավ սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասին, բայց Արցախը լքեց վերջին հեռացողների հետ։
«Կյանքիս ամենավատ ճանապարհն էր։ Ատեցի աչքերս, որ տեսա այն, ինչը երևակայել չէի կարող` անհայ Արցախ», - ասում է նա։
Վանահայրը պատմում է, որ Ստեփանակերտն անճանաչելի էր դարձել։ Տները, որտեղ նա հյուր էր եղել, որոնցում ծիծաղ էր լսել, դատարկ էին ու բաց դռներով, փողոցները լցված էին աղբով, իսկ ընտանի կենդանիները սոված էին ու անտերության մատնված։ Անճանաչելի էր նաև Դադիվանքը` մշուշով պատված ու տխուր։ Վանահայրն ու երկու սարկավագները առավոտյան շուտ զարթնել էին, որ հրաժեշտ տային վանքին։
Սահմանում ապրելը չի վախեցնում. 4 զավակների հայր բերձորցի Աղասին Չինարիում է հաստատվել
«Ես ոչինչ չեմ մոռանա, կհիշեմ ամեն վայրկյանը։ Երբեք Դադիվանքը այդքան տխուր չէի տեսել։ Զգում էր, որ վաղը եկեղեցու մեջ հայերեն աղոթք չի հնչելու», - ասում է Դերենիկ աբեղա Սահակյանը։
Նա պատմում է նաև, թե ինչպես էր վանքում կազմակերպում առօրյան, ով էր ամեն օր պատարագի գալիս, ինչպես իմացան պատերազմի սկսվելու մասին, ինչու հեռացան և կվերադառնա արդյոք, եթե հնարավորություն տրվի։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Թեկուզ խրճիթ, բայց մերը լինի․ Արծվաբերդում հաստատված արցախցի ընտանիքի անորոշ ապագան