ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևան–Մեղրի մայրուղով երթևեկող բեռնատարների վարորդներից կաշառք վերցնելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կաշառք տալու բազմաթիվ դրվագները կատարվել են 2023 թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ բազմաթիվ գերբեռնված տրանսպորտային միջոցներ նշված ժամանակահատվածում Սիսիան համայնքի հատվածում տեղակայված տեսչական մարմնի անշարժ հենակետով անցել են առանց կշռման և առանց խոչընդոտների, թեև գերազանցել են թույլատրելի առավելագույն զանգվածը։
«Դրա հետևանքով վնասվել է Երևան–Մեղրի Մ–2 մայրուղու երթևեկելի հատվածի ծածկույթը, ինչպես նաև չեն արձանագրվել վարորդների կողմից կատարված իրավախախտումները, և անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
2023 թ. հունվար–փետրվար ամիսներին տեղի ունեցած կաշառք տալու այս դրվագներով ձերբակալվել է ՊՊԾ դասակի 2 ոստիկան, ՃՈ մեկ տեսուչ, ՔՏՀԱ տեսչական մարմնի մեկ պաշտոնյա, ինչպես նաև բեռնատարի մեկ վարորդ:
Եվս 9 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու և ստանալու հոդվածներով:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: