ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Եվրոպացի գործընկերների հետ արդեն համաձայնեցվել է, թե ինչ ընդհանուր բրենդով է կոնյակն արտահանվելու Հայաստանից Եվրոպա։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Պետք էր համաձայնեցնել այն աշխարհագրական տեղանունը, որը պետք է իր մեջ ընդգրկի որոշակի որակի չափանիշներին բավարարող հայկական կոնյակի արտադրություն։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել, ներգրավել ենք ոլորտի խաղացողներին, խոշոր բրենդինգային ընկերություններին։ Համայնքը որոշել է, որ պետք է առաջ գնանք «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով»,– նշեց Քերոբյանը։
Ըստ նրա` մինչ այդ էլ Եվրամիությունն էր վարձել խոշոր խորհրդատվական ընկերությունը, որը նույն առաջարկն էր ներկայացրել։ Հիմա Հայաստանը ԵՄ–ի և հատկապես Ֆրանսիայի գործընկերների հետ աշխատում է, որպեսզի Armenian brandy–ն լինի ոչ թե պարզապես ապրանքային նշան կամ բրենդ, այլ որ այս անվանումն արդեն նշանակի որոշակի որակի չափանիշներ և վերահսկման խիստ համակարգ։
Նախարարի խոսքով` աշխատում են նաև հայկական կոնյակ արտադրող ընկերությունների հետ, որպեսզի նրանք ևս գործեն այդ չափանիշների ներքո։