ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի անդամները կքննարկեն այն ուղիները, թե ինչպես կարող են օգնել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու քաղաքացիական անձինք շուտափույթ ազատ արձակվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նամակագրություն է ունեցել Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի հետ, որն իր համերաշխությունն է հայտնել առևանգվածների շուտափույթ վերադարձի առնչությամբ։
«Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել»,- գրել է Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին:
Նա հույս է հայտնել, որ շուտով Հայաստանի համար ավելի շատ տեղեկություններ կունենա խնդրի առնչությամբ։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։