«Դատապարտում ենք ներկայացուցչության բակում տեղի ունեցածը». Արցախի իշխանություն

Բողոքի ակցիա Արցախի ներկայացուցչության մոտ
Արցախի Հանրապետության իշխանությունները nներողություն են խնդրում լրագրողներից և այն քաղաքացիներից, որոնք չեն կարողացել հարցեր ուղղել կառավարության ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը
Ըստ հաղորդագրության` բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ:
Նշվում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին: Հակառակ արհեստականորեն ստեղծված բոլոր խոչընդոտներին՝ Շահրամանյանն ընդունել է հավաքի մասնակիցներին, պարզաբանումներ տվել սեպտեմբերի 19-20-ը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ Արցախի կառավարությունը շարունակելու է գույքագրել նմանատիպ բոլոր հարցերը և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանը, քանի որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության և համանման այլ հարցերով աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը։
Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական, այդ թվում` ՀՀ-ում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ:
«Արցախի Հանրապետության իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, որոնց աշխատանքը անկարգության պայմաններում խոչընդոտվել է, և որոնք չեն կարողացել ստեղծված իրավիճակում իրենց հարցերն ուղղել կառավարության ներկայացուցիչներին»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին մի խումբ արցախցիներ շրջափակել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքը։ Ցուցարարները բողոքում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից ԱՀ բոլոր պետաշխատողները, բացի իշխանության մարմինների առաջին դեմքերից ու որոշ կառույցների աշխատակազմերի ղեկավարներից, ազատվել են աշխատանքից` առանց աշխատավարձ ստանալու։
Արցախցիները երկու անգամ ներխուժեցին ներկայացուցչության շենք, փողոցում էլ ծեծեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ոմանք գոհ չմնացին հանդիպման արդյունքներից ու նախագահի` իրենց տրված պատասխաններից։
Լարված մթնոլորտը փորձում էին հանդարտեցնել իրավապահները։ Հավաքի 10 մասնակիցներ ձերբակալվեցին։
Հատկանշական է, որ բողոքի ակցիային զուգընթաց իշխանության ներկայացուցիչները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննադատում էին Արցախի իշխանություններին, մասնավորապես` նախագահ Սամվել Շահրամանյանին` սխալ պահին իշխանափոխություն իրականացնելու, Արցախը հանձնելու ու հանրապետությունը լուծարելու մասին որոշում ընդունելու համար։