Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում պայթյունից տուժած 1 բուժառու տեղափոխվել է Իսպանիա. նախարարություն

Ավելի վաղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող շուրջ 2 տասնյակ բուժառուներ տեղափոխվել էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ բուժառու։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
«Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտներ, որոնց առողջական վիճակը կայունացել է, բուժումը շարունակելու համար տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք` Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում,-խմբ.):
Հոկտեմբերի 10-ի դրությամբ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 264–ը շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 97-ի վիճակը ծանր է, 12–ինը` ծայրահեղ ծանր։