ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի -Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը` այս համատեքստում անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավելի բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի»,– ասված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։