ՀՀ ոստիկանությունն ավելի քան 20 ցուցարարի է բերման ենթարկել

Ոստիկան. արխիվային լուսանկար
Այսօր բողոքի ակցիաներ են անցկացվելոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր հատվածներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՆԳՆ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել երկրի տարբեր հատվածներում ակցիա իրականացնող 21 անձի։
Երևան–Երասխ ավտոճանապարհից, որտեղ քաղաքացիները որոշ ժամանակով արգելափակվել էին երթևեկությունը, բերման է ենթարկվել 2, իսկ Երևանի Հանրապետության հրապարակից` 19 քաղաքացի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիաներ են անցկացնում Երևանում ու Գյումրիում։ Մի խումբ քաղաքացիներ էլ փակել էին Երևան–Երասխ մայրուղին
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։։