Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի կոչը արյունահեղությունը դադարեցնելու մասին

ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Մարիա Զախարովան այսօր անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սկսած լայնամասշտաբ հարձակմանը` նշել է, որ ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն։
ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:
«ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,–նշված է Բադալյանի մեկնաբանությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։