Չկիրառել անհամաչափ ուժ. ՄԻՊ–ը կոչ է հղել իրավապահներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում, արագ արձագանքման խումբը մեկնել է նաև բուժհաստատություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս կոչով դիմել է պետական իրավասու մարմիններին:
«Ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան»,– շեշտվում է պաշտպանի հայտարարության մեջ։
Մանասյանը նաև դիմել է հավաքի մասնակիցներին` հորդորելով ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմն այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով, իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում, ինչպես նաև արագ արձագանքման խումբն այցելել է բուժհաստատություն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և 096 116100։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կիրառած հատուկ միջոցների` լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով առնվազն երկու մարդ վնասվածք է ստացել։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։