Ինչպես են ուկրաինացիները փող գողացել Երևանի բանկոմատներից. 2016 թ–ի դեպքերի մանրամասները

Բանկոմատ
Խմբի անդամների երկուսը ցանցահենությամբ հափշտակել են գումարը, 1-ը համակարգել է նրանց հանցավոր գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինացիներից կազմված հանցավոր խումբը ներթափանցել է ՀՀ-ում գործող բանկի սերվեր և բանկոմատներից հափշտակել շուրջ 128 մլն դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով 7 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Ըստ հաղորդագրության` պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, հափշտակության մեխանիզմը, հափշտակված գումարի չափը:
Նշվում է, որ հայաստանյան բանկերից մեկն իր բանկոմատներից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության խնդրով ՀՀ ԱԱԾ է դիմել 2016թ․ հոկտեմբերի 25-ին:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ, բանկի գումարները հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու դիտավորությամբ, կազմել են կայուն կազմակերպված հանցավոր խումբ, խմբի անդամների միջև հստակ դերաբաշխում կատարել և մանրակրկիտ պլանավորել հանցագործությունը»,– տեղեկացնում է ՔԿ–ն։
VIBER ծրագրային ապահովման ցանցում կեղծանվամբ հանդես եկող՝ դեռևս չպարզված անձնավորությանը վերապահվել է հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների համակարգումը և ղեկավարումը, իսկ խմբի մյուս երկու անդամներին՝ ցանցահենությամբ այդ գործողությունների կատարումը և ՀՀ-ից գողոնի արտահանումը։
Ըստ այդմ՝ վերջիններս, առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, ապօրինի ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, որոշակի գործողություններից հետո ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։
Դրանից օրեր անց կազմակերպված խմբի անդամներից երկուսը Կիևից ժամանել են Հայաստան, իսկ նրանց հանցակիցը, ներբեռնված համակցման վերոնշյալ ծրագրի միջոցով միանալով սերվերին, կեղծ մուտքանունով կատարված մի շարք համակցումների միջոցով ներթափանցել է ընկերության բանկոմատները կառավարող, «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով վարակված սերվեր, որն առաջացրել է բանկոմատների բնականոն աշխատանքի խափանում։
Արդյունքում 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքելով հատուկ գաղտնաբառեր, նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 դրամ:
Երևանում մանկապարտեզի տնօրենը հաշվապահի օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 65 մլն դրամ
Այնուհետև գողոնը արտարժույթի փոխարկելու, այդկերպ հանցավոր ծագումը խեղաթյուրելու և էլեկտրոնային վճարային համակարգերով նշված գումարն Ուկրաինա փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ դրամն էլեկտրոնային արտարժույթի փոխարկմամբ զբաղվող Երևանի բնակչի հետ։
Համաձայն պայմանավորվածության՝ Երևան քաղաքի բնակիչը խմբի անդամներից ստացել է 92.840.000 դրամ կանխիկ գումար, որի մեծ մասն իր ծանոթների միջոցով փոխարկել է ԱՄՆ դոլարի և հանձնել վերջիններիս, իսկ փոքր մասը փոխարկել է «Bitcoin» և «AdvCash» էլեկտրոնային արտարժույթների, որոնք դրանց էլեկտրոնային վճարային համակարգերում իր հաշվեհամարներից 2016թ․ հոկտեմբերի տարբեր օրերի փոխանցել է կեղծանվամբ հանդես եկող անձնավորության կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Իսկ խմբի նշված երկու անդամները, ստանալով ԱՄՆ դոլարի փոխարկված կանխիկ գումարները, մեկնել են ՀՀ-ից:
Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ 33-ամյա տղամարդ, և վերջինիս ծանոթը վերոհիշյալ հանցավոր խմբի անդամներից մեկից տեղեկացել են, որ կարող են Հայաստանում գումար աշխատել էլեկտրոնային եղանակով բանկոմատներից գումար հափշտակելու եղանակով: Այդ նպատակով նրանք ժամանել են Հայաստան, խմբի նշված անդամից ստացել անհրաժեշտ բանկոմատների հասցեները և, օգտվելով վնասաբեր համակարգչային հարուցիչի գործարկման հետևանքով բանկոմատների բնականոն աշխատանքի խափանման հանգամանքից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված բանկի թվով 3 բանկոմատներից, առանց որևէ տվյալներ մուտքագրելու, հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16.070.000 դրամ գումար:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 33-ամյա ուկրաինացի տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքի և գրավի:
Քրեական վարույթից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար ուղարկվել են հսկող դատախազին:
Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, բանկին հասցված վնասի վերականգնումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ–ում 33–ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է շուրջ 115 մլն դրամ