Օգնեք հորս վերադարձնենք Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմել է Փարիզի քաղաքապետին

Վագիֆ Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Վերա Խաչատրյանը Անն Իդալգոյին հայտնեց, որ արդեն ավելի քան 1 ամիս է՝ իր հորից տեղեկություն չունեն, կապի դուրս չեն եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մոտ տեղակայված ապօրինի անցակետի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին խնդրեց վերադարձնել հորը Բաքվից։ Այս մասին նա Անն Իդալգոյին խնդրեց հրավիրված ասուլիսից հետո։
Նշենք, որ Փարիզի քաղաքապետն այսօր մեկնել է Սյունիքի մարզ` Գորիս քաղաք` Արցախին շտապ օգնսություն ցուցաբերելու համար։
«Մեկ ամսից ավելի է՝ հայրս կապ չի հաստատում մեզ մոտ։ Ընտանիքիս բոլոր անդամներն Արցախում են, միայն ես եմ Հայաստանում։ Լիահույս ենք, որ կօգնեք մեզ վերադարձնել նրան Բաքվից, քանի որ հայրս անմեղ է։ Նրա համար ամեն վայրկյանը ճակատագրական է»,– նշեց Խաչատրյանը։
Կարճատև զրույցից հետո Իդալգոն գրկեց Վագիֆի դստերը և ընդգեց, որ կփորձի իր երկրում որևէ քայլ ձեռնարկել այդ մասով։
Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։