ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ցանկանում է դարձնել բանտ, վանդակ և քշել այնտեղից արցախցիներին։ Ֆրանսիայի պատվիրակության անդամ, Օ'դը Ֆրանս շրջանի նախագահ Բերտրան Քսավիեն այս մասին ասաց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվող ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին տեսակապով միացել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ֆրանսիացի պաշտոնյան շեշտեց` իրենք չեն ցանկանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապրեն վանդակում, այլ պետք է ազատ ապրեն։
«Մեր ուղերձը միջազգային հանրության համար է, նրանք պետք է արթնանան։ Շատերը չգիտեն, որ կա մի երկիր` Ադրբեջանը, որը 2023 թվականին թույլ չի տալիս արցախահայերն ազատ ապրեն։ Շատերը չգիտեն, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, ինչպես նաև մարդկանց համար սահմանափակված է գազի, ջրի և էլեկտրականության հասանելիությունը։ Այդ մարդիկ թվարկածիցս զրկված են Ադրբեջանի պատճառով, որը արհամարհում է միջազգային իրավունքը։ Հենց դրա համար ենք մենք նախաձեռնել այս մարդասիրական օգնությունը»,– ասաց Քսավիեն։
Նա շեշտեց, որ այդ մարդասիրական բեռներում գտնվող ապրանքների մի մասը կբաժանվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին, իսկ մյուս մասը կպահվի` գուցե ճանապարհը բացվի։
Օ'դը Ֆրանս շրջանի նախագահ նշեց` ողբերգություն տեղի է ունենում նաև Հայաստանում, իրենք էլ բացի Արցախից, նաև Հայաստանի կողքին են։