«Ֆլայ Արնան» Հայաստանում միակն է, որ ստացել է միջազգային անվտանգության հավատարմագիր

Արխիվային լուսանկար
Աուդիտի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է Հայաստանում միակ IOSA օպերատորը` ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։ Այս մասին հայտնում է «Ֆլայ Արնա» ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավիաընկերությունը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական, որը տրամադրվել է երկու տարի վավերականությամբ։
«Աուդիտի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին: Մասնավորապես՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնան» Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: