Վրաերթ – ավտովթար Գեղարքունիքում. 10-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը եղել է սթափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել և հիվանդանոց է տեղափոխվել 10–ամյա երեխա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Օգոստոսի 7–ին` ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Դ.-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Կարինե Մ.-ին, ապա առաջ ընթանալով` բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հակոբ Ն.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենային»,–գրում է կայքը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել` ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին երեխային տեղափոխելու Մարտունի բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը եղել է սթափ։
Վրաերթ Գեղարքունիքում. հետիոտնը տեղում մահացել է