ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. 2023թ. սեպտեմբերի 17–ին անցկացվելիք Երևանի ավագանու հերթական ընտրություններում ընտրական տեղամասերից միաժամանակյա համացանցային հեռարձակումը կապահովի Ucom ընկերությունը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ընտրության օրը ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումն ապահովելու համար 2023թ․ մայիսի 16-ին հայտարարվել էր բաց մրցույթ, որի հայտերի բացումը տեղի է ունեցել 2023թ․ հունիսի 15-ին:
Նշվում է, որ մրցույթին մասնակցել է միայն «Յուքոմ» ՓԲԸ-ն՝ ճանաչվելով ընտրված մասնակից:
Գնման գինը կազմել է 210 000 հազար դրամ, իսկ մասնակցի առաջարկածը 198 000 հազար դրամ է եղել: Պայմանագիրը կնքվել է 2023 թ հունիսի 29-ին:
Գումարը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Նշենք, որ սեպտեմբերին կայանալիք ընտրությունների տեղամասերը կձևավորվեն մինչև օգոստոսի 7–ը։
Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում գործել է 475 ընտրական տեղամաս։