ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցություն չի առաջարկել, քանի որ դա դաշինքը կներքաշեր Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Դաշինքում լայն կոնսենսուս կար, որ Ուկրաինան ՆԱՏՕ ընդունելը հիմա՝ պատերազմի թեժ պահին, կնշանակեր ՆԱՏՕ-ի պատերազմը Ռուսաստանի դեմ։ Դաշինքում կոնսենսուս է ձեռք բերվել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի հասցնելն իմաստ չունի»,-պարզաբանել է Սալիվանը՝ ելույթ ունենալով Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված հանրային համաժողովի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհ է գագաթնաժողովի հայտարարությունից։
«Ես գիտեմ, որ նախագահ Զելենսկին հիասթափված էր ձևակերպումներից, նա ուզում էր, որ մենք ավելի հեռուն գնանք, և ես հասկանում եմ նրան։ Ես կարծում եմ, որ դաշինքի տեսանկյունից մամուլի հայտարարության մեջ շարադրված տրամաբանությունը կարող է լայն աջակցություն ստանալ, երբ կարծիքներն այդքան տարբեր են»,-ասել է Սալիվանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր կոնսենսուսի ևս երկու կետ է դարձել այն, որ Կիևի համար դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրին հետևելու անհրաժեշտություն չկա:
Վիլնյուսում հուլիսի 11-ին ու 12-ին անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի գլխավոր թեմաներից մեկն Ուկրաինան է:
Զելենսկին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի համար Վիլնյուս էր ժամանել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության վերաբերյալ հստակ տեղեկատվություն ստանալու հույսով: Սակայն միջոցառման առաջին օրվա արդյունքներով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հնչեցրեց հռչակագրի դրույթները, որում նշվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր Կիևին կուղարկեն միայն այն բանից հետո, երբ դաշնակիցների միջև համաձայնություն ձեռք բերվի և «երբ բոլոր պայմանները կատարվեն»:
Մեկնաբանելով գագաթնաժողովի առաջիկա միջոցառումները՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ գագաթնաժողովում գունագեղ ներկայացում կխաղան՝ ի աջակցություն Կիևի ռեժիմի:
Հուլիսի 11-ի երեկոյան, երբ Ստոլտենբերգի հրապարակեց հայտարարության հիմնական կետերը, Զախարովան նշել էր, որ, ինչպես և ենթադրվում էր, Կիևը ոչ մի հստակ որոշում չստացավ։