Ինչո՞ւ հենց Նարե. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը

Հարութ Հովհաննիսյանը սիրելի երգը Նեմրա խմբի «Նարե» -ն է եղել։ Ծնողները որոշել են աղջնակի անունը Նարե դնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Շենգավիթ» ԲԿ–ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը` Նարեն։ Տեղեկությունը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ փոքրիկի մայրը` Նատալյա Դավթյանը բնական ճանապարհով է հղիացել և հղիության ողջ ընթացքն ու ծննդալուծումն անցել է առանց բարդությունների։
Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։
Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր Նեմրա խմբի «Նարե» -ն, համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար «Նարե» գտնել` մինչև զորացրվի։
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. տեսանյութ
«Ու էդպես չգտավ ինքը իր Նարեին... քույրիկ Նարե եկավ։ Հիմա ինքը իր ապերի Նարեն ա...»,-ասել է Նատալյա Դավթյանը։
Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են, բայց երբ որոշ ժամանակ անց համոզվել է, որ կրկին մայրանալու է, առաջինն այդ մասին հենց որդուն է պատմել։
«Գիշերը շատ ուշ էր, տանը բոլորը քնած էին, մի փոքր մածուն կերա ու սրտխառնոց զգացի, առաջինը Հարութիս հետ եմ խոսել, ասացի` տղաս, ուրեմն մի բան կա... նկարի հետ եմ խոսել, ինքն է իմացել առաջինը, մի քանի օր հետո արդեն թեստ արեցի, համոզվեցի։ Ես միշտ ասել եմ` եթե դու ուզում ես, թող լինի, տղաս։ Եթե չէ, ուրեմն թող չլինի։ Ուրեմն ուզում էր...»,–ասել է մայրը։
Նատալյան Հարութի ու Նարեի միջև նմանություններ է փնտրում, բայց դեռ չի գտնում։ Վստահ է, որ եթե քուրը եղբորը նման լինի, երբեք չի տուժի։
ԲԿ–ից նաև հայտնում են, որ Նարեն ու մայրն արդեն տանն են։