Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ են զբաղվել. ՊԵԿ–ի բացահայտումը

Դեգրադացվել է ավելի քանի 12 հազար քառակուսի մետր տարածք, պետությանը պատճառվել է մոտ 36 միլիոն դրամի վնաս։
Sputnik
Արարատի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Պարզվել է, որ Սիս գյուղի վարչական տարածքում «Կ. Նարեկ» ՍՊԸ–ն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Բացի այդ, պարզվել է նաև, որ տվյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել:
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ են զբաղվել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համագործակցության արդյունքում իրականացվել է չափագրում։ Պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Այդ ամենի հետևանքով դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ»,– տեղեկացնում են ՊԵԿ–ից։
Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ են զբաղվել