Հաղորդավարուհի Լիլի Հովերը (Հովհաննիսյան) մասնագիտությամբ վավերագրող է, տիրապետում է մարքեթինգի հմտություններին, դիմահարդարում է սովորել, լավ երգում է ու համեղ պատրաստում, բայց երբեք չի մտածել հեռուստատեսությունը թողնելու մասին։ Նա վստահեցնում է, որ իր կյանքը չի պատկերացնում առանց հեռուստատեսության ու ռադիոյի, քանզի 12 տարեկանից այդ ոլորտում է։
«Շատ երջանիկ եմ, որ իմ սիրելի գործով եմ զբաղվում», – նշեց նա։
Հաղորդավարը պատմեց, որ ինքն է ընտրել իր հեռուստատեսային «ազգանունը», որպեսզի տարբերվի ոլորտի մյուս Լիլիներից։ Իսկ հետո այն սկսել է ասոցացվել եղանակի հետ ու լրացնել իր կերպարը։
Այցեքարտ դարձած վարսահարդարումն էլ է իր ընտրությունը, հագուստի ոճն էլ։ Ճիշտ է, սկզբում ոճաբան Արամ Նիկոլյանն է նրան ուղղորդել մոնրոյական էլեմենտներով խիստ պիջակի հարցում, բայց Լիլին վաղուց արդեն ինքնուրույն է դրանք ընտրում։
«Ես վառ գույներ եմ ընտրում, որովհետև եղանակն է դա թելադրում։ Իմ հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, որ եղանակից ելնելով` փոխում եմ գույները», - ասաց Հովերը։
Նա շեշտեց, որ շատ լուրջ է վերաբերվում իր կերպարին ու արտաբերած յուրաքանչյուր խոսքին, քանզի հեռուստադիտողների ու սոցիալական էջերում հետևողների մեջ շատ են երեխաները։
Անդրադառնալով իդեալական ընտանիքի մասին իր պատկերացումներին` Լիլի Հովերը նշեց, որ հարաբերությունների մենեջմենթը պետք է տղամարդու ուսերին լինի. իր ընտանիքում բոլոր կարևոր որոշումները հայրիկն է կայացրել, ու ինքը սովորել է ընտանեկան այդ մոդելին։
«Հայրս շատ գեղեցիկ տղամարդ է։ Տա Աստված, որ իմ ընտրյալը նույնքան գեղեցիկ լինի։ Ինչ–որ իմաստով նմանություն փորձում եմ գտնել, գոնե շփման մեջ ընկերական մթնոլորտի իմաստով», – նշեց նա։
Հարցին` արդյոք ազատ է Լիլի Հովերի սիրտը, ճանաչված հաղորդավարուհին ոչ միանշանակ պատասխան տվեց։
Թե ինչ է ասել Լիլին այս և մի շարք այլ թեմաների մասին, դիտեք տեսանյութում։
Կարդացեք նաև`