ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացածը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ծառայությունից հայտնել են նաև վիրավոր զինծառայողի անուն–ազգանունը. նա Արթուր Արմենի Ազրոյանն է` ծնված 2002թ.–ին։
«Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Իսկ ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։
Հիշեցնենք նաև, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։