Հռոմ–Երևան չվերթով ժամանած քաղաքացու մարմնում 126 փաթեթ թմրամիջոց են հայտնաբերել

Ավելի քան 650 գրամ հաշիշի մաքսանենգության դեպք է կանխվել։
Sputnik
Հռոմ-Երևան ավիաչվերթով ժամանած քաղաքացուն զննման են ենթարկել և 126 փաթեթ թմրամիջոց հայտնաբերել նրա մարմնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կասկածներ են ունեցել, որ ՀՀ քաղաքացի Մ. Հ.-ն մարմնում թմրամիջոցներ է թաքցրել, վերջինս ռենտգեն սարքավորմամբ ենթարկվել է զննության, որից հետո մաքսային հսկողության շրջանակում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու նկատմամբ անցկացվող զննումն իրականացնել բժշկի մասնակցությամբ:
«Այդ նպատակով նա «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ համակարգչային շերտագրման` տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ստամոքսում և հաստաղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում դուրս են բերվել վերջինիս մարմնից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քաղաքացու մարմնից ընդհանուր առմամբ դուրս է բերվել հաշիշ թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով շագանակագույն զանգվածների պարունակությամբ 110 հատ ամբողջական, 16 հատ պատռված և բացված պոլիէթիլենային գնդաձև փաթեթ: Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 652 գրամ։
Թմրամիջոցներին վերաբերող օրենքները փոխվել են, բայց ոչ միշտ դեպի լավը
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն: Գործին առնչվող նյութերը հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։