Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2020 թվականից հետո կյանքը կտրուկ փոխվեց. սովորական գյուղացիներից կութեցիները միանգամից սահմանապահ դարձան։ Գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին հասցնելու մտահոգություններին ավելացավ ամենածանրը` անվտանգայինը։ 2020–ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ Քարվաճառի շրջանը, որը 44 օր շարունակ անառիկ էր պահվել, պարզապես հանձնվեց թշնամուն, եղան կութեցիներ, որոնք որոշեցին դուրս գալ գյուղից` չհաշտվելով թշնամու նշանառության տակ ապրելու մտքի հետ։
Ովքեր մնացել են, շատ զգուշավոր են դարձել. գյուղում անծանոթ տեսնելիս արդեն միայն բարևով չեն բավարարվում, շտապում են հարցուփորձ անել` ով են, որտեղից և ինչ նպատակով են հյուր եկել։ Երբ լսում են` լրագրող ես, ավելի են լարվում. գիտեն, որ լրատվությանը, հրապարակվող լուսանկարներին նաև թշնամի հարևաններն են ուշիուշով հետևում։ Խոսել քչերն են համաձայնում, եթե խոսում էլ են, ապա հիմնականում ցանկության և հույսի մասին` խաղաղություն լինի։ Ինչու են մնացել հարցին հարցով են պատասխանում.
«Սալդատը որ հետ նայի, մեզ չտեսնի, կմնա՞...»։
Կութի բնակիչ
© Sputnik / Aram Nersesyan
Կութում շատերն Արցախի Շահումյանի շրջանից են վերաբնակեցվել 80-ականների վերջին, երբ Ադրբեջանում սկսվել էին էթնիկ զտումները։ Գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը 1,5 տարեկան է եղել, երբ ընտանիքը Գետաշենից Կութ է տեղափոխվել։ Ասում է` ովքեր մնացել են այնտեղ, կա՛մ զոհ են գնացել ադրբեջանական վայրագություններին, կա՛մ էլ մազապուրծ են եղել։
Հայոց պատմության մասնագետ գյուղապետն ասում է` 90-ականներին Քարվաճառն ազատագրել են հենց Կութի կողմից։ Հարևան գյուղերից դեպի Քարվաճառ ճանապարհ կար, ադրբեջանցիների համար ավելի սպասելի էր, որ հենց այդ կողմերից են հայերը մտնելու։ Չէին մտածում, որ կընտրեն ամենադժվար ճանապարհը` Կութի լեռներով Քարվաճառ հասնելը։ Այդ ժամանակ գյուղից գրեթե բոլորն էին պատերազմ գնացել, զենքը ձեռքը վերցնելու ունակ միայն մի քանի տղամարդ էր գյուղում մնացել` տրակտորիստ, տեխնիկա շահագործողներ` որ գյուղատնտեսական աշխատանքները կանգ չառնեն։ Այդպես Քարվաճառի ազատագրումից հետո այս կողմերում այլևս կրակոցի ձայն չէին լսել... մինչև 2020 թվականը։
2020–ից հետո շատ բան փոխվեց, այդ թվում` գյուղացիների ապրելակերպը։ Հիմնականում անասնապահությամբ զբաղվող կութեցիները ստիպված եղան կրճատել անասունների գլխաքանակը։ Ադրբեջանցիների` 2021 թվականի մայիսյան առաջխաղացումից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է Կութից մոտ 2500 հա տարածք կա, որից գրեթե 1500–ը արոտավայրեր են։
«Նախկինում եթե գյուղում անասունների ընդհանուր գլխաքանակը 1000-ից ավելի էր, հիմա կիսով չափ կրճատվել է։ Ով ուներ 20 կով, դարձրել է 10, ով 10–ն ուներ, դարձրել է 5։ Թե էն ժամանակ էդքան կաթ էին մշակում, առևտուրն ավելի ակտիվ էր, հիմա կաթը քչացել է։ Չարչարանքը շատացել է, եկամուտը` կրճատվել։ Անասնապահության փոխարեն մեղվապահությունն ենք հիմա փորձում»,– պատմում է գյուղապետը։
Գրիգոր Ավագյան
© Sputnik / Aram Nersesyan
Բացի այն, որ արոտավայրերն են կրճատվել, նաև անասուններին սար տանելը չէ նախկինի պես անվտանգ։ Օրինակ` 2021 թվականի հունիսին կութեցի հովվին կրակահերթի տակ պահելով` ադրբեջանցիները մոտ 80 գլուխ անասուն գողացան։
Մինչև պատերազմը գյուղում 200-ից ավելի մարդ էր ապրում։ Հիմա այս թիվը 50-60-ով կրճատվել է, մի քանի բազմանդամ ընտանիք դուրս է եկել բնակավայրից։ Վարչական ղեկավարն ասում է` նրանց մի մասը կամուկացի մեջ էր. արդեն ուզում էին գյուղ վերադառնալ, բայց մայիսյան դեպքերից հետո մտափոխվեցին։
Գյուղացիների մտահոգությունները սրվում են, երբ խոսվում է սահմանները բացելու մասին։ Նախորդ տարի ամռանն Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ դրեց նախագիծ, որը վերաբերում էր ՀՀ պետական սահմանին նոր անցման կետեր ստեղծելուն։ Ըստ նախագծի` հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ էր դրվելու` «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)։
Վարչական ղեկավարը հիշում է, թե որքան լարված էին այդ օրերին գյուղացիները։
«Երեխաներ ունենք, որ Վարդենիսում կամ Սոթքում են դպրոց գնում. ծնողները, զբաղվածության հետ կապված, միշտ չէ, որ հասցնում են իրենք գնան, երեխեքին տուն բերեն (и դեպ, Կութում այս տարի առաջին դասարանցի չեն ունեցել, դպրոցում 18 աշակերտ կա)։ Երեխաները հաճախ միայնակ սկսում են քայլել մայրուղով, մինչև մի համագյուղացի մեքենայով անցնի, երեխային հետը բերի։ Ի՞նչ կլինի, երբ մեքենայով համագյուղացու փոխարեն ադրբեջանցին անցնի այդ ճանապարհով»,– ասում է համայնքի ղեկավարը։
74-ամյա Թամարա Հախումյանն ընտանիքի հետ Կութ է տեղափոխվել Գետաշենի հարևան Քիրակիձորից 1989 թվականի փետրվարի 2-ին։ Շատ լավ է հիշում ամիս–ամսաթիվն ու այն վախերը, որոնց պատճառով դուրս եկան հարազատ գյուղից։ Հիմա էլ ադրբեջանցիները նորից այսքան մոտեցել են։ Թամարա տատն ասում է` միայն 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ են 1-2 օրով տնից գյուղից դուրս եկել. գյուղը հրետակոծության տակ էր, մնալը` վտանգավոր։
Թամարա Հախումյան
© Sputnik / Aram Nersesyan
Այդ օրերին վնասվեցին տներ, խանութ, բուժկետն ու գյուղապետարանի շենքը։
«Սիրտս պայթում է ուրիշ տեղ»,– արագ–արագ վրա է բերում տատն ու շտապում սերմացու կարտոֆիլի ծիլերը պոկել, լավ ու վատ անել։ Շատերն են կոտրվել, բայց հույսը չեն կորցրել, որ մի դուռ բացվելու է, դրա համար էլ կարտոֆիլի ցանքսն են սկսել։
Գյուղացիները ցավով ասում են` շատերը, որոնք քաղաքում բարեկամ ունեն, տներից ապահովության համար թանկարժեք իրերն արդեն հանել, տեղափոխել են, անգամ թանկարժեք սպասք ու կահույք։ Ի՞նչ իմանաս` վաղն ինչ կլինի, թուրքի հետ մի աչքդ բաց պետք է քնես։
Աղբաման Կութում
© Sputnik / Aram Nersesyan
«Եթե այսօր դուրս եկավ Կութը, հետո կհասնեն Վարդենիս, Մարտունի, մինչև ու՞ր։ Դրա համար ամեն ինչ փորձում ենք անել, որ մնացած գյուղացիները կապվեն գյուղին։ Եթե թուրքը մտավ, ուր էլ փախչենք` հասնելու է, այստեղից Երևան հեռավորությունը 2-3 ժամ է։ Ավելի լավ է` մնանք, պայքարենք, միգուցե մի բան փոխվի»,– ասում է վարչական ղեկավարը։
Անդրադառնալով թուրքի հետ բարեկամություն անելու կոչերին` ասում է` ինչ էլ մենք այսօր ուզենք կամ ինչին էլ համաձայնենք, պատմությունն է դա ցույց տալիս` այդ բարեկամությունը հնարավոր բան չէ։