ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթանակի հասավ «Ուրարտուի» նկատմամբ։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ալաշկերտ» - «Ուրարտու» մրցավեճը պարզապես կատաստրոֆիկ մեկնարկ ունեցավ հյուրերի համար։ Խաղի մեկնարկին երեք րոպեի ընթացքում «Ալաշկերտը» երկու գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը։ Երկու գնդակի առավելությունը Վահե Գևորգյանի սաներին մեծ վստահություն հաղորդեց, ու դաշտի տերերն իրենց հաջողությունը զարգացնելու նոր հնարավորություններ էլ ունեցան։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտի» առավելությունը գոլային պահերով ավելացավ ևս մեկով, երբ «Ուրարտուի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց։ Արտակ Եդիգարյանը, հստակ իրացնելով ստանդարտը, «Ուրարտուի» հավակնություններն այս խաղում հասցրեց նվազագույնի։
Ճիշտ է, «Ուրարտուն» խաղի ընթացքում կրճատեց հաշվի տարբերությունը, բայց, այնուամենայնիվ, պարտվեց։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan
Հարկ է նշել, որ մայիսի 26-ին ԲԿՄԱ - «Փյունիկ» խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը հիանալի հնարավորություն տվեց «Ուրարտուին» գրեթե ապահովել չեմպիոնական տիտղոսը։ Այդ արդյունքից հետո գործող չեմպիոն «Փյունիկը» երկու միավորով հետ էր մնում իր հիմնական մրցակից «Ուրարտուից», բացի այդ, Դմիտրի Գունկոյի թիմը մեկ խաղ պակաս էր անցկացրել ու «Ալաշկերտին» հաղթելու դեպքում անհամեմատ կմոտենար չեմպիոնական տիտղոսին։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan
Հաղթելով առաջատարին` «Ալաշկերտը» չեմպիոնական մրցավազքում հաղթելու շանս տվեց «Փյունիկին», բայց նույն «Ալաշկերտը» կարող է և զրկել «Փյունիկին» չեմպիոնական հավակնություններից, քանի որ առաջնության վերջին տուրում երկու թիմերը մրցելու են իրար դեմ։
Ու մենք արդեն համոզվեցինք, որ չնայած «Ալաշկերտի» համար խաղերը մարզական առումով այլևս նշանակություն չունեն (քանի որ թիմը ո'չ կարող է բարձրանալ 4-րդ տեղից, ո'չ էլ նահանջել 5-րդ հորիզոնական), սակայն, միևնույնն է, յուրաքանչյուր խաղում, անկախ մրցակցից, թիմը պայքարում է հաղթանակի համար։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan
Նշենք, որ մինչև 34-րդ տուրի հանդիպումների կայանալը շատերի կարծիքով չեմպիոնական մրցավազքի վճռորոշ խաղը լինելու էր 35-րդ տուրի շրջանակում անցկացվելիք «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումը։
Բայց դա միայն այն պայմաններում, որ երկու թիմերն էլ մինչ առերեսվելը միավորներ չկորցնեին։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan
Ընդ որում, եթե երկու թիմերն էլ մոտենային այդ հանդիպմանը առանց միավորների կորուստների, ապա «Փյունիկին» հաղթանակ էր հարկավոր առնվազն երկու գնդակի տարբերությամբ։
Բայց նախ ԲԿՄԱ-ն ընդհատեց «Փյունիկի» հաղթարշավը, որը մինչ այդ խաղը 14 անընդմեջ հաղթանակ էր տոնել, հետո էլ «Ալաշկերտը» արգելք հանդիսացավ «Ուրարտուի» համար։
Ստացվեց, որ 35-րդ տուրի «Փյունիկ» - «Ուրարատու» խաղի նշանակությունը մնաց անփոփոխ, միայն այն տարբերությամբ, որ հաղթանակի դեպքում «Փյունիկն» արդեն ոչ թե կհավասարվի, այլ կշրջանցի մրցաշարային աղյուսակը երկար ժամանակ գլխավորած «Ուրարտուին»։
Դրվագ «Ալաշկերտ»–«Ուրարտու» հանդիպումից
© Sputnik / Andranik Ghazaryan