Իրանից առանց մաքսային վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս։
ՊԵԿ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանից Հայաստան ներմուծել մեծաքանակ կարագ և սերուցք` առանց մաքսային վճարման:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու համար մոտ 3 ամիս աշխատանք է տարվել: Պարզվել է, որ պարտականությունից ազատող փաստաթղթեր կեղծելու միջոցով կազմվել է հանցավոր սխեմա և խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:
Պարզվել է նաև, որ հանցավոր խումբը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով 11 բեռնատարի միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք` ընդհանուր 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
«Մինչև նշված բեռները կհասնեն ՀՀ տարածք, հանցավոր խմբի կողմից կազմվել և ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի պաշտոնատար անձը հայտնել էր, թե 11 բեռնատարով ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքների համար և պահանջում է անհապաղ ներմուծումն ազատել մաքսային վճարներից»,– տեղեկացնում են ՊԵԿ–ից:
Հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունն ու դերակատարությունը, ինչպես նաև ներմուծված բեռների իրական սեփականատերերին պարզելու նպատակով բեռները բաց են թողնվել` ծածկագրված եղանակով` գտնվելով ՊԵԿ աշխատակիցների 24–ժամյա դիտման տակ: Բեռնատարները Մեղրիի անցակետից շարժվել են Երևանում գտնվող մաքսային տերմինալ։ Մաքսային ձևակերպումներից հետո դուրս են եկել տերմինալից, սակայն չեն գնացել ռուսական 102-րդ ռազմաբազայի պահեստներ, այլ կայանվել են Երևանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և այնտեղ մնացել 3 օր:
Այդ ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները:
Պետությանը պատճառված վնասի նախնական չափը գնահատվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամ: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: