«Պետք է հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը». Զախարովան՝ ի պատասխան Փաշինյանի

Ռուսաստանում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է նշանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանից ՀԱՊԿ–ի դուրս գալու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը։
Ճեպազրույցում Զախարովան պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «եթե Հայաստանը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ Հայաստանն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։
«Եթե դա դարձվածք է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը։ Թե ինչպես ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել Է Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: