ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայական կա։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Դոքերթիին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ընդգծել, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, ինչն էլ հումանիտար խնդիրներ է առաջաщրել Լեռնային Ղարաբաղում։
«Ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ–ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ ՄԹ կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,– նշեց Միրզոյանը։
Նախարարը շեշտեց, որ նրանք քննարկել են նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ կապված հարցեր։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։