ՀՀ անվտանգության համակարգը թելադրվում է Արևմուտքի կողմից․ Հրայր Կարապետյան

Հրայր Կարապետյան. Արխիվային լուսանկար
ԱԺ հանձնաժողովի նախկին նախագահը կարծում է, որ Հայաստանի իրավապահ համակարգի հանդեպ ԱՄՆ հետաքրքրությունն աննախադեպ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՀՀ իշխանությունները միշտ էլ համագործակցել են Արևմուտքի հետ՝ տարբեր ձևաչափերով, սակայն այսօր այդ կապերն աննախադեպ են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ուժային կառույցներին ամերիկյան կողմի ակտիվ աջակցությանը, ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ հանձնաժողովի՝ իր ղեկավարման տարիներին նույնպես եղել է համագործակցություն ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ։ Սակայն հիմա դա աննախադեպ ծավալների է, և դա ոչ թե Արևմուտքի նախաձեռնությամբ է, այլ ՀՀ իշխանությունների։
«Սա արդյունք է նրա, որ արտաքին քաղաքական վերաձևումներ են տեղի ունենում ՀՀ իշխանության վարած քաղաքականության մեջ։ Սա է պատճառը, մնացածը հետևանքներ են։ Եթե գլոբալ նայենք խնդրին, ապա մինչ օրս այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն փորձել է անվտանգության խնդիր լուծել, դա ավարտվել է ողբերգությամբ տվյալ երկրի համար։ Հիշենք, օրինակ՝ ինչ եղավ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլուր։ Ես վախենամ, որ նույն պատմությունը սպասում է նաև Հայաստանին»,- նկատեց Կարապետյանը։
Ըստ նրա՝ այսօր մենք անվտագության համակարգ չունենք, փլուզված է այն, և դրա հիմնական պատասխանատուն ՀՀ իշխանություններն են։ Դրա վկայություններից մեկը Հրայր Կարապետյանը համարում է անվտանգության դոկտրինի բացակայությունը։
«Երբ դու չունես անվտանգության համակարգ ու թույլ ես տալիս, որ քո անվտանգության համակարգը թելադրվի տարբեր էպիզոդներով, տարբեր կասկածելի դրվագներով, սա առնվազն ինքնասպանություն է։ Սա չի նշանակում, որ մենք բացարձայապես չպետք է համագործակցենք Արևմուտքի հետ․ ընդամենը պետք է ունենանք գործող անվտանգության համակարգ։ Իսկ համագործակցության որոշակի դրվագներ կարող ենք ընդունել միայն ու միայն որպես օգնություն»,- ընդգծեց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ամերիկացի դեսպանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները իրավապահ ու ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, իսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Երևանում ընդունել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Էփլգեյթին։ Քննարկվել են ոստիկանության բարեփոխման հարցում ԱՄՆ-ի կողմից հետագա խորհրդատվական և նյութատեխնիկական աջակցության հարցեր։
Բացի այդ, դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր ՀՀ ՊՆ ազգային պաշտպանական գիտահետազոտական համալսարան, որտեղ ամերիկյան ֆինանսավորմամբ լսարան էր բացվել։