Հայաստանը ցանկանում է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում. աշխատանքային խումբ կստեղծվի

«Հյուսիս–Հարավ» մայրուղի. Արխիվային լուսանկար
Աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ Փաշինյանին պետք է տեղեկություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։
Աշխատանքային խմբի ղեկավարը որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է տեղեկություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ և գործողությունների ծրագիր կներկայացնի, իսկ վերջնական արդյունքները պետք է տրամադրի մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին
Նշենք, որ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը դեռ նախորդ տարի հայտնել էր, որ «Հյուսիս–Հարավ» մայրուղին զգալիորեն կկրճատի Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը։ Նա ընդգծել էր, որ այդ մայրուղու շինարարությոան ավարտից հետո 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի Չաբահար, Բանդար Աբբաս և իրանական այլ հարավային նավահանգիստներից բեռները հասցնել Սև ծովի վրացական նավահանգիստներ՝ հետագայում շարունակելով երթուղին դեպի Եվրոպա։