ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ամերիկահայ գրոսմայստեր Սամուէլ Սևյանը շարունակում է միանձնյա գլխավորել Ջերմուկում ընթացող «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարը:
Այսօր կայացած 6-րդ տուրում նա ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի հետ և վաստակել է 4,5 միավոր: Առաջատարից կես միավորով հետ է մնում Ուզբեկստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային շախմատային օլիմպիադայի հաղթող Նոդիրբեկ Յակուբոևը։
Նա, ի դեպ, հաղթել է հնդիկ շախմատիստ Սունիլդուտ Լինա Նարայանանին:
Երրորդ հորիզոնականում 3,5 միավորով Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանն է, որը ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի հետ:
Այսօր մրցաշարում առաջին հաղթանակն է տարել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որը 6-րդ տուրում գերազանցել է չեխ գրոսմայստեր Թայ Դայ Վան Նգուենին:
Նշենք, որ Ջերմուկում մայիսի 3-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ է: