ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթանում է «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ «Կարմիր» գորգի վրայով պետք է անցնեն մրցույթի բոլոր 37 պատվիրակները։
Նշենք, որ այս տարի, ինչպես 2022-ին, գորգն ավանդական կարմիր չէր, այն փիրուզագույն է։
Գորգի վրայով քիչ առաջ անցավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, որը հագել էր արծաթագույն, հետաքրքիր կտրվածքով տոպ և երկար սև շրջազգեստ։ Նա բազմաթիվ զարդեր էր կրում` ականջօղեր, մատանիներ, անգամ եղունգներին էին ամրացված արծաթե զարդեր, իսկ մազերը հավաքված էին։
Հաղորդավարները հետաքրքրվեցին նրանից, թե այդ ինչ զարդեր են, ինչին ի պատասխան Բրյունետը շեշտեց. «Դրանք բոլորը հայկական են»։
Հայաստանի պատվիրակին նաև հարցեր ուղղեցին իր զգացողություններ վերաբերյալ և նա ընդգծեց, որ իր համար այս մրցույթը շատ կարևորև մեծ իրադարձություն է։
«Ես իսկապես վայելում եմ այս ամենը և հաճույք ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ սպասում եմ ավելի մեծ միջոցառումների։ Կաշխատեմ ինձ վրա և կանեմ առավելագույնն իմ ուժերի չափով։ Ես շատ եմ ստեղծագործում, և այդ ամենով շատ շուտով կկիսվեմ ձեզ հետ»,– նշեց երգչուհին։
Մրցույթի հաղորդավարուհին նաև հիշեցրեց Բրյունետին իր շան` Միլլիի մասին և խոստացավ ծանոթացնել իր շան հետ, որը նույնպես յորքշիրյան տերիեր է, ինչպես Բրյունետինը։
Հիշեցնենք, որ Բրյունետը ելույթ է ունենալու երկրորդ կիսաերզրափակիչին՝ մայիսի 11-ին` երկրորդ համարի ներքո։
«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, եզրափակիչը՝ 13-ին։