ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կաշառք են տվել ընտրողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: