Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից

44-օրյա պատերազմից հետո այս երթին հազարավոր մարդիկ մասնակցում են ոչ սովորական հույզերով և ապրումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կային տարիներ, երբ ջահերով երթը երիտասարդների երթն էր, հիմա վերաիմաստավորվել ու դարձել է համազգային պայքարի և միասնականության երթ։ Այսօր Հանրապետության հրապարակում ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից
Նրա խոսքով` ամեն տարի ջահերով երթին հազարավոր մարդիկ մասնակցում են հայության անժամկետ իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք Ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ Սակայն վերջին տարիներին այս երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով և ապրումներով։ 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերն ու ներկա մարտահրավերները շատ բան են փոխել։
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց, ՀՀ իշխանությունը կատարելով թուրք–ադրբեջանական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից, հրաժարվում է Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ` խաղաղության անվան տակ ժողովրդին տանում է նոր ցեղասպանության»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` նման բան չի կարող լինել, որովհետև մենք պարտավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։
Նրա ելույթից հետո մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Մինչ այդ այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։
Участники факельного шествия традиционно сжигают флаги Азербайджана и Турции (23 апреля 2023). Еревaн