Պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում, մեծամասամբ զինվորականներ են. վարչապետ

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոսքով` մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց փոխանցել են հակառակորդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ավելի քան 53 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը։
«Պետական դավաճանության գործերով անցնողների մեծ մասը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են։ Մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց հակառակորդին են փոխանցել»,–ասաց Փաշինյանը։
Նա պատմեց, որ պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ և ասել` բարձրաստիճան սպան խուճապ է տարածում զորքի մեջ, թե Փաշինյանը հողերը տվել է։ Ըստ վարչապետի` նա իր ազգականին սենյակից դուրս է արել սպայի մասին բացասական խոսելու համար, սակայն վերջերս իմացել է, որ հարուցված քրգործերից մեկով այդ դրվագը հիմնավորվելու մեծ հնարավորություն ունի։
Հիշեցնենք` Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր այդ հայտարարությանը` նշելով, որ այդ թիվը գուցե մի քիչ ավել է, բայց պատահական չէ։ Ըստ նրա` դասալքության պատճառն այն է, որ մենք ոչ միայն չենք ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես պահեստազոր չենք ունեցել։