ԵԱՀԿ նախագահի այցը համընկել է Ադրբեջանի ագրեսիայի հետ. Խանդանյանը ներկայացրել է վիճակը

Սարգիս Խանդանյանն ընդունել է Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում կարևորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայ խորհրդարանականները ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակության հետ խոսել են Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակի մասին, հայտնում են խորհրդարանի լարտվական ծառայությունից։
«Ցավոք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան համընկել է Հայաստանի տարածքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր ու վիրավորներ»,–իր ողջույնի խոսքում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։
Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը` Խանդանյանը նշել է, որ միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հստակ և հասցեական։
Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ այս այցը փաստում է, որ իրենց ուշադրության կենտրոնում է բարձրացված հարցը, և իրենք մտահոգված են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակով:
Սարգիս Խանդանյանն ընդունել է Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը
«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Բույար Օսմանին և հույս հայտնել, որ իր նախագահության ընթացքում այս հարցում հնարավոր կլինի դրական քայլեր արձանագրել:
Նշվում է, որ հանդիպմանը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վերահաստատել են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր հարևանների նկատմամբ և ցանկանում է խաղաղ գոյակցություն ապահովել տարածաշրջանում:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց վերադարձի հարցում կարևորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը: