ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. 2023-թ–ի մարտին Հայաստան է ժամանել 160 հազար զբոսաշրջիկ, սա բավական մեծ առաջընթաց է նախորդ տարիների հետ համեմատ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Տարվա առաջին երեք ամսում Հայաստան է եկել 450 հազար զբոսաշրջիկ, մինչդեռ 2019-ի առաջին եռամսյակում այդ թիվը եղել է 360 հազար։
«Այս պահին ակտիվությունը մեծ է Ռուսաստանից ու Իրանից: Վերջինը կապված է Նովրուզի հետ։ Բավական շատ զբոսաշրջիկներ ենք ունեցել նաև Վրաստանից և ԱՄԷ–ից»,– նշեց նա։
Պօղոսեանի խոսքով` Իտալիայի երեք քաղաքների հետ ուղիղ չվերթեր բացելուց հետո աճել է նաև այդ երկրից եկող զբոսաշրջիկների թիվը։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների հետաքրքրություններին, ապա նա նշեց, որ դրանք շատ տարբեր են լինում` կախված երկրից։
«Օրինակ` գերմանացի զբոսաշրջիկներին հետաքրքրում են արշավները, բայց տաք երկրներից եկողներին ավելի շատ հետաքրքրում է ձմեռային տուրիզմը»,–ասաց նա։
Հայաստանի համար, ըստ նրա, թիրախային շուկաներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ամերիկայի հայկական սփյուռքը, Գերմանիան ու Ֆրանսիան։
Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա 2022-ին 2021-ի համեմատ գրանցվել է 20 տոկոս աճ։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը անդրադարձավ նաև Երևանում մայիսի 27-ից 28-ը տեղի ունենալիք «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է երկրորդ անգամ։
«Բոլոր մարզերը ունենալու են իրենց առանձին տաղավարները, ներկայացնելու են իրենց մշակույթը, խոհանոցը, գինիները, բնությունը ու այն արկածային վայրերը, որոնք կարող են հետաքրքրել մարդկանց։ Նրանց մեջ կլինի հետաքրքիր մրցակցություն»,– ասաց նա։
Ցուցահանդեսին կլինեն նաև խաղարկություններ, իսկ մրցանակները կլինեն տուրեր դեպի Հայաստանի տարբեր անկյուններ։