Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին

Նիկոլ Փաշինյան
ՆԻկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է շարունակեն միջազգային դիվանագիտական ջանքերը Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կատարվում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջադեպին, երբ ադրբեջանցիները չէին թույլատրել Գորիսից Ստեփանակերտ մեկնողներին գնալ սեփական տներ։
«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից Ստեփանակերտ են գնալիս եղել, թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, որոնք առավել ևս սրվում են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է շարունակեն միջազգային դիվանագիտական ջանքերը դատարանի որոշման կատարման ուղղությամբ։
Փաշինյանը հավելեց, որ հումանիտար իրավիճակը ԼՂ–ում շարունակում է մնալ լարված` Լաչինի միջանցքը փակված լինելու հետևանքով։ ԼՂ–ում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են դադարեցված մնալ։
Նշենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց: