ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությամբ: Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Եվ Ռուսաստանը, և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան։
«Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում են բարձր մակարդակով։ Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին»,–ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ գնդակը Երևանի կիսադաշտում է։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը բացարձակապես պատրաստ է: