ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում մանրամասն ներկայացրել է, թե իր պաշտոնավարման տարիներին բանակցային ինչ գործընթացներ են եղել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ, թե վստահելիության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր։ Այս բոլոր պատասխանների վերլուծությունը կհամադրենք թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ հետագայում նաև ՀՀ–ի և Արցախի ղեկավարությանը, ՀՀ վարչապետին լսելուց հետո»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` Մնացականյանին հարցրել են, թե վերջինս հրադադարի պայմանագրի որ փուլում ինչ մասնակցություն է ունեցել։ Քոչարյանը հայտնեց, որ եզրակացության մեջ զետեղված կլինի այդ հարցի պատասխանը։
Հարցին` պատերազմն ավելի վաղ դադարեցնելու խոսակցություն եղել է, թե ոչ, Քոչարյանը պատասխանեց` մանրամասներ չի ասի։
«Շատ մարդկանց ունենք լսելու, որպեսզի հասկանանք` այդ հնարավորությունները կայի՞ն, դա միայն Հայաստանի՞ց էր կախված»,– ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ Մնացականյանին տրվել են բոլոր հարցերը, և ստացել են այս պահի դրությամբ հանձնաժողովին հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը մարտի 16-ին մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։