ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.Աշոցքի պանրի գործարանի «Պանիր լոռի» արտադրությունը կասեցվել է, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՀՀ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում(Շիրակի մարզ, գ. Առափի), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Երեկ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։
Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։