ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Hetq.am–ի լրագրող Տիրան Մուրադյանի հարցին։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցում հոդված էր հրապարակվել, որ Պապիկյանը Երևանում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։
Լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք իրավապահներին չի հետաքրքրում այդ թեման, որպեսզի քննություն սկսեն, և այդ ֆոնին ի՞նչ հետևություն անի հանրությունը։
«Շատ լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է։ Իր եկամուտների մասին մայիսին հայտարարագիր կներկայացնի, և բոլորդ հնարավորություն կունենաք դիտարկումներ անել»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ 2018 թվականից մինչև այսօր 25.000 մարդ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ նորակառույց բնակարան է գնել։ Այնուհետև նա հարց ուղղեց լրագրողներին, թե նրանցից քանիսն են այդ եղանակով բնակարան ձեռք բերել և հարցրեց՝ արդյոք կոռուպցիայով են զբաղվում։
Փաշինյանը լրագրողին հորդորեց որևէ բանկի առաջարկել 300.000 դոլարով այդ թաղամասում բնակարան գնել և կարողանալ վաճառել 400.000 դոլարով և ունենալ 100.000 դոլար շահույթ, եթե իհարկե, դա հնարավոր է։
Ինչ վերաբերվում է այն դիտարկմանը, թե իրավապահ համակարգը չի արձագանքել այդ հրապարակմանը, Փաշինյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է իրավապահ համակարգին առաջարկի այս կամ այն հոդվածն ուսումնասկիրել ։ Հետո հավելեց, որ եթե դա լրատվամիջոցին այդքան պետք է, ապա կհրահանգի։
«Ստուգեք բոլոր հոդվածները»,–ասաց նա ու հավելեց, որ ինքը գիտի, որ չկա հրապարակում, որը չի ուսումնասիրվել։
Փաշինյանը նշեց, որ ինքն էլ կուզեր օգտվել այդ ծրագրից և բնակարան ձեռք բերել, միայն թե «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող բնակարանը վաճառել չի ստացվում։
Մեկ այլ լրագրող էլ որպես հարցի շարունակություն նշեց, որ այդ նույն թաղամասում թանկարժեք բնակարաններ են ձեռք բերել նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը , ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Արդյոք Փաշինյանն այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։
Վարչապետն նշեց, որ ամեն քայլափոխին էլ կարող է կոռուպցիոն ռիսկ լինել։
«Դուք ասում եք Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը... Ես ասում եմ՝ ևս 25176 մարդ։ Այդ գումարից 35 միլիարդը կառավարությունն է տվել։ Այսինքն, այդ 25000 մարդու հիփոթեքային վարկից մի զգալի գումար կառավարությունն է տրամադրել »,–ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, եթե միայն ՔՊ–ականները լինեին, ինքը կհասկանար կոռուպցիայի մեղադրանքները։ Նա դիմեց լրագրողներին և հորդորեց ասել մի շենք, որը կոռուպցիայի հետ կապ չունի, որպեսզի ինքն էլ մոտ ապագայում այդ շենքից բնակարան ձեռք բերի, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան։