ՊՆ նախկին շենքի բնակիչները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց

Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում են իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այս պահին հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի մոտ և պահանջում են, որ կոմիտեն իրենց հարցմանը պատասխանի պատշաճ, այլապես նրանք կպահանջեն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը։
Իրավապահները հսկում են տարածքը
Հավաքվածները նշում են, որ օրեր առաջ հարցում են ուղարկել ՊԵԿ–ին` պահանջելով իրենց ներկայացնել ՊՆ նախկին շենքի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները։
ՊԵԿ–ից նրանց պատասխանել են, որ նշված շենքերի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները վերաբերում են տվյալ տարածքի օրինական շահառուին` ՊԵԿ–ին, իսկ տարածքն ազատելու հարցում ՊԵԿ ձեռնարկած գործողությունները եղել են օրինաչափ և բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից։
«Սա մեզ համար ոչ մի բան ա, կարող ենք հաշվել, որ ՊԵԿ–ը մեզ երկու հատ սպիտակ թուղթ է տվել։ Սա պատասխան չի հանդիսանում, սա ոչ մի բան է։ Եթե այդ շենքը իսկապես վթարային է, ու մեզ դրա համար են տարհանել, թող հետազոտության արդյունքները տրամադրեն, համոզվենք»,– ասաց ակցիայի մասնակից Արամ Խանզադյանը։
Արամ Խանզադյան
ՊՆ նախկին շենքի բնակիչները համոզված են, որ այդ շենքը վթարային չէ, իրենց տարհանել են, քանի որ շենքը պետք է օգտագործվի այլ նպատակներով։
ՊՆ նախկին շենքի բնակիչները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։